Վերադառնալ հայտարարություններին
«Արմատներ՝ սահմաններից անդին» նախագծի շնորհանդեսը
26/06/2026

Ի՞նչ է պատահում մշակույթին, երբ այն ստիպված է անցնել սահմաններից այն կողմ։
Կայացավ «Արմատներ՝ սահմաններից անդին» (Roots Beyond Borders) նախագծի ցուցահանդեսը, որը արվեստի և արհեստական բանականության միջոցով վերաիմաստավորում է Արցախի մշակութային ժառանգությունը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են հիշողությունը, ինքնությունն ու մշակույթը շարունակել ապրել նոր ձևերով։
Ցուցահանդեսում ներկայացվեցին զարդերի, տեքստիլի, կերամիկայի, խճանկարների, վիտրաժների և այլ ժանրերի ստեղծագործությունների կոնցեպտներ, որոնք մշակութային ժառանգությունը տեղափոխում են ժամանակակից կյանքի համատեքստ։
Միջոցառման շրջանակում տեղի ունեցավ նաև պանելային քննարկում՝ «Երբ մշակույթը վտանգված է, կարո՞ղ է տեխնոլոգիան պահպանել հիշողությունը» թեմայով, որի ընթացքում մասնակիցները քննարկեցին մշակույթի պահպանման, վերաիմաստավորման և տեխնոլոգիաների հնարավորությունների հարցերը։
Օրվա կարևոր բաղադրիչներից էր նաև արցախյան երգերի ուսուցումը․ մասնակիցները հնարավորություն ունեցան սովորելու և կատարելու երգեր, որոնք սերունդներ շարունակ պահպանել են ժողովրդի պատմությունը, հիշողությունն ու ինքնությունը։
«Արմատներ՝ սահմաններից անդին» նախագիծը հիշեցում է, որ մշակութային ժառանգությունը միայն անցյալին չի վերաբերում․ այն կարող է վերաիմաստավորվել, զարգանալ և շարունակել ապրել նաև նոր ձևերով՝ մարդկանց, արվեստի և տեխնոլոգիայի միջոցով։
































